Վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի նպատակը ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացիների միջեւ սերտ կապերի խթանումն է: Այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«Մենք համաձայնության ենք եկել վիզային ռեժիմի փոխադարձ ազատականացման վերաբերյալ: Գործընթացը մեկնարկել էր անցյալ տարի՝ Վաշինգտոնում, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում», - նշել է Հեֆերնը:
Դեսպանը հավելել է, որ համաձայնության նպատակն է խթանել կապերը, ճանապարհորդությունները երկու ուղղություններով, որը ձեռնտու կլինի երկու երկրներին:
Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով:
Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին կառավարության նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի ստացման պարզեցման հնարավորություն կստանան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները 2015թ. հունվարից 1-ից կարող են առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելել՝ մինչեւ 180 օր ժամկետով: