«Դա ահավոր է, դա արդեն բեսպրեդել է: Դատապարտում եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ այսպիսի գնահատական տվեց նրա գործընկերը՝ Ալեքսանդր Արզումանյանը:
Պատգամավորը հավելեց, որ դատապարտում է նաև ազատամարտիկների նկատմամբ նույնատիպ երևույթները, Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզման դեպքերը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությանը, որ նախագահին հայհոյողի ականջները կկտրի, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ընդհանրապես փոխոստիկանապետն այնտեղ է, որ օրենքի տառը պաշտպանի եւ ոչ թե սպառնալիքներով հանդես գա: Դա համակարգի համար անընդունելի եւ անպատասխանատու հայտարարություն է»:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մտադիր չէ թիկնապահներ վարձել, նա պատասխանեց. «Ես ծնվել, մեծացել եմ այս երկրում, ես որեւէ խնդիր չունեմ»: