Ցեղասպանության կազմակերպիչ, ոճրագործ Ջեմալ փաշայի թոռան այցի հետ կապված եղան մեկնաբանություններ թուրքագետների, քաղաքական գործիչների և սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Առավել բուռն էին մեկնաբանությունները՝ կապված ԱՍԱԼԱ-ին տված նրա գնահատականների հետ:
Հետաքրքրական է լսել նաև սփյուռքահայ գործարար Վալերի Գործունյանի կարծիքը, ում կենսագրության մեջ այդ կառույցը ունեցել է իր դերակատարությունը: Orer.am-ը զրուցել է նրա հետ:
-Տիկի՛ն Գործունյան, թուրք գրող Հասան Ջեմալը, երբ նախորդ շաբաթ Հայաստանում էր, ԱՍԱԼԱ կազմակերպությունը թուրքերեն բառով անվանել է «չեթե», ինչը թարգմանաբար նշանակում է հրոսակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք նման արտահայտությունը:
-Չեմ հետևել բուն այցին: Իմ ընկերները տեղադրեցին ֆեյսբուքյան պատիս այդ հատվածը, որ ասել է, թե ԱՍԱԼԱ-ի անդամները տեռորիստներ են: Չեմ հանդուրժում իր այդ ասածը: Հայ ազատագրության գաղտնի բանակը ինքնապաշտպանություն էր անում և զենքով էր անում, քանի որ մնացած բոլոր միջոցները սպառվել էին: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտելու մեր ընկերների անունը, ովքեր բանտերն ընկան, իրենց կյանքը զոհեցին հայության համար: Եվ չպետք է հերքել, որ եթե ԱՍԱԼԱ-ն չլիներ, շատ մեծ տերություններ գուցե երբեք չճանաչեին Ցեղասպանության փաստը: 100 տոկոսով պետք է ասեմ, որ այդ թուրք գրողը սխալվում է: 100 տարի անցավ, Թուրքիան չի կոչել դեռ իրերն իրենց անունով, պետք է դրան հասնենք վերջապես: Այս մարդը և մնացած շատերը հայության համար չեն պայքարում, այլ իրենց շահի:
Լևոն Փանոսյան