2014թ. նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորման դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մանկապարտեզում նոյեմբերի 26-ին առկա սննդամթերքից վերցված նմուշները (կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս) ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և արդյունքում պարզվել է, որ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
ՀՀ վարչապետի թույլտվությամբ, Ծառայության պետի հրամանով այս պահին իրականացվում են ստուգումներ մանկապարտեզում և մատակարար ընկերություններում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին թունավորման մասին ահազանգից հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):