ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը հայտարարել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը հիշատակող արվեստի գործերի մրցույթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է mynewsla.com կայքը: Հաղթող գործը շուրջ մեկ ամիս տեղադրված է լինելու քաղաքային ավտոբուսների վրա:
Կրեկորյանը նշել է, որ մրցույթը կլինի յուրօրինակ միջոց հարգելու ցեղասպանության պատմությունը: Նա հույս է հայտնել, որ այդ նախագծին իրենց մասնակցությունը կցուցաբերեն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների հարցերով, և այդպիսով կօգնեն ի ցույց դնելու հայ ժողովրդի դիմացկունությունը:
Դիմումները կընդունվեն մինչև փետրվարի 15-ը: Դիմողները կարող են ներկայացնել նկարներ, պատկերներ, թվային արվեստ և լուսանկարներ, իսկ քանդակներն ու լայնաֆորմատ աշխատանքներն անընդունելի են: