«Թուրքիան այսօր հստակ ռազմավարություն ունի 2015 թվականին հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր քայլերը չեզոքացնելու հարցում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ Դեմոյանի՝ Թուրքիան նախևառաջ փորձում է Հայաստանի հաստատությունների դրսում կազմակերպած միջոցառումները չեզոքացնել, ինչպես նաև ներթափանցել հայկական դաշտ:
Դեմոյանի խոսքերով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ինչպես են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը:
«Հայկական համայնքներում այսօր թուրքական ծառայությունների հետ համագործակցություն կա, ես սա ասում եմ բաց տեքստով:Թող ինձ անվանեն ռասիստ, անգրագետ, բայց այդ կազմակերպությունների 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում: Ես ուղղակի կհորդորեի մեր հայրենակիցներին չտրվել ավելորդ գայթակղություններին: Այստեղ հանդուրժողականության, բարիդրացիական հարաբերությունների մասին խոսելը տեղին չէ: Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը, հիմա Թուրքիայի վարչապետը հայտարարել են, որ ունեն հստակ նպատակ՝ գտնել սփյուռքում այնպիսի մարդկանց, ովքեր տիրապետելի կլինեն և կհամագործակցեն իրենց հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությունն իրագործողներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան, գրող Հասան Ջեմալի այցին Հայաստան, նա նշեց, որ նման հանդիպումներով Թուրքիան փորձում է դաշտն իր հսկողության տակ վերցնել:
«Երեք ամիս առաջ կար հստակ պայմանավորվածություն իմ գրքի շնորհանդեսը Փարիզում ներկայացնելու մասին: Շնորհանդեսի անցկացման նույն օրը, նույն ժամին, նույն Հասան Ջեմալը Փարիզում հանդիպում էր կազմակերպել հայ համայնքի հետ, սա կոչվում է խափանարար աշխատանք, ցավոք սրտի հայկական որոշ շրջաններ տուրք են տալիս թուրքական այս ռազմավարությանը, դրանց համար համապատասխան ֆինանսական միջոցներ կան, գուցե, կա դրա նաև դրական կողմը, բայց ստորին հատվածում կա ճանաչմանն ուղղված քայլերի չեզոքացման նպատակ»,- ասաց Դեմոյանը: