Ծառուկյանական հեռուստաընկերության ցուցադրած ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի մասին Հայաստանի քաղաքական դաշտը կրկին լյուստրացիայի ենթարկեց: Ամիստեր շարունակ Ազգային ժողովում փչվող «Հրաշալի քառյակ» հորջորջվող փուչիկը, կարծես թե, պետք է պայթի, եթե քաղաքական դաշտում դեռևս որոշակի բարոյականության նշույլներ կան: Տեր - Պետրոսյանի բառապաշարով ասած՝ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես ընտրական մարաթոնների մեկնարկին զուգահեռ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսեց ձգտել իր արմատին՝ դեն նետելով այն մեծ ու փոքր դաշնակիցներին, որոնք ընտրական վակուումի ժամանակաշրջանում օգտագործվեցին իշխանությունների դեմ որպես «բոբո»՝ առավելագույն քաղաքական և տնտեսական զիջումներ կորզելու նպատակով:
Երկրորդ նախագահի գրասենյակի պատրաստած ֆիլմը ցուցադրվեց «Կենտրոն»-ով, իսկ կարկառուն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, ով, ի դեպ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենն է, ստանձնեց Քոչարյանի քարոզիչի դերը՝ հրճվանքով նշելով, որ Քոչարյանի օրոք բացվեցին դաշնակցական արգելված լրատվամիջոցները: Ընկեր Գեղամը, ցավոք, մոռանում է, որ Քոչարյանի իշխանավարության տարիներին անհեթեթ պատճառներով եթերազրկվեց միակ այլախոհ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը: Իսկ ծառուկյանական հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը քոչարյանական շրջանի այնպիսի անհեթեթ գովքի հեռուստամոնտաժ է, որի ցանկացած հատվածին մակերեսային անդրադարձը պարզապես ցույց է տալիս, թե ինչպիսի խղճուկ վիճակում է երկրորդ նախագահի քարոզչական հնարավորությունները:
Դիտարկենք, օրինակ, այն հատվածը, երբ Քըրք Քըրքորյանի տրամադրած միլիոնավոր դոլարներով կատարված ներդրումները ներկայացվում է իբրև քոչարյանական ձեռքբերում: Դա դեռ ոչինչ, դրան դեռ կարելի է դիմանալ: Սակայն քոչարյանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այդ գումարները ծախսվել են բացառիկ արդյունավետ կերպով: Ախր ինչպես կարելի է առանց ամոթի այնպիսի բան հայտարարել այն դեպքում, երբ Քրքորյանը այս ծրագրից հետո այնպես գլխապատառ «փախավ» Հայաստանից և դադարեցրեց իր ներդրումները Հայաստանում, որ միայն գեղարվեստական դետեկտիվներում կարելի է հանդիպել: Եվ այս ամենը՝ քոչարյանական արդյունավետ «ծախսման» շնորհիվ:
Իսկ այժմ՝ Քոչարյանի 60-ամյակի, այդ առթիվ նկարահանված ֆիլմի և այնտեղ հնչած մտքերի և ընդհանրապես այդ երևույթի հետևանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի մասին:
Եթե խոսենք հայտնի մաֆիա խաղի մոտիվներով՝ Ծառուկյանն ու դաշնակները սև խաղացողներ էին, ովքեր կարողանում էին վարպետորեն ներկայանալ որպես կարմիրներ: Գիշերը Ծառուկյանն ու դաշնակները «խփեցին» Լևոն Տեր-Պետրոսյանին, ով խաղի «շերիֆն» է և 2008 թվականից ի վեր կարողացել է բացահայտել դաշտի սև խաղացողներին: Չնայած Քոչարյանը արդեն բացվել է որպես կեղծ «շերիֆ»՝ Ծառուկյանն ու դաշնակները բացահայտորեն սկսել են նրան սատարել, թեև նա այս քաղաքական խաղի «դոնն» է: Այսպիսին է մոտավորապես իրավիճակը քաղաքական դաշտում:
Այս վերջին լյուստրացիայից հետո «Հրաշալի քառյակի» գոյության անհրաժեշտությունը, որպես այդպիսին, վերանում է: Տարիներ շարունակ բացառելով Քոչարյանի հետ որևէ դաշինքի հնարավորությունը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» այլընտրանք չունեն, քան փոխելու իրենց քաղաքական օրակարգը: Հակառակ պարագայում ստիպված են լինելու համակերպվել քաղաքական դաշտում «իզգոյի» կարգավիճակի հետ:
Քոչարյանական կազմակերպված պետության, տնտեսության ծաղկման, գրեթե բարեկեցիկ պետության միֆերի և նրա կուտակած հսկայածավալ հարստության և երկրի անխնա թալանի մասին՝ հաջորդիվ...Վարուժան Բաբաջանյան