Քաղաքական դրամահավաք
ПолитикаԻշխանությունը պատկանում է քաղաքացուն և բխում է քաղաքացուց։ Այս պնդման հետ բոլորն են համաձայն։ Սակայն միաժամանակ այս ձևակերպումը չափազանց իդեալիստական է հնչում, քանի որ աշխարհում ներկա և գոյութույն ունեցած բոլոր պետականություններում իշխանությունը ծնվել է փողից։ Հարցն է այն է՝ փողի հանդեպ ի՞նչ դիրք է ունեցել քաղաքացին։
Հայաստանում ևս իշխանությունը ձևավորվում է փողով, դա ոչ թե վատ է կամ՝ լավ, այլ՝ զուտ օբյեկտիվ իրականություն։ Հայաստանյան վարչակարգը ևս հիմնված է փողի վրա և այս պատճառով էլ Հանրապետական կուսակցություն կոչված կորպորացիայի շարքերում գլխավոր դերակատարները տարատեսակ օլիգարխներն ու բիզնեսմեններն են։
Հենց այս փաստն էլ իր հերթին դառնում է ընդդիմության գլխավոր խնդիրը։ Հայաստանյան ընդդիմությունը փող չունի, քանի որ փող ունեցողները ընդդիմություն չի լինում, իհարկե՝ եղել են որոշակի բացառություններ, որոնք սակայն էական նշանակություն չեն ունեցել։
Եվ ուրեմն՝ որտեղի՞ց հայթայթել փող։ Այս խնդիրը հայաստանյան ընդդիոմթյունը մինչ օրս չի կարողանում լուծել։ Անհատների կողմից ֆինանսավորման պարագայում ընդդիմությունը և, ընդհանրապես, քաղաքական միավորումը կորցնում է իր անկախությունը, և պարզ է, որ սա հարցի լուծում չէ։ Խնդիրը կվերանա միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժը կարողանա և´ գումար ունենալ, և´ կախված չլինել որևէ մեկից։
Հենց այս հարցի լուծման են միտված վերջերս հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում սկզբնավորված դրամահավաք հանգանակությունները քաղաքական կուսակցությունների կողմից։ Ընդ որոմ՝ պետք է շեշտել, որ այս իրողությանը սկիզբ են դրել երկու նորաստեղծ կուսակցություններ՝ Քաղաքացիական պայմանագիրը և Լուսավոր Հայաստանը։ Դրամահավաքի գլխավոր կարգախոսի համաձայն՝ քաղացին, որոշակի գումար տրամադրելով այս կամ այն կուսակցությանը, գրեթե ուղղակի կերպով սկսում է մասնակցել քաղաքական գործընթացին։ Ներկայումս դժվար է ասել, թե առաջիկայում ինչպիսի արդյունքներ կունենա այս նոր երևույթը, սակայն անկախ դրանից՝ մենք արդեն գործ ունենք որակապես նոր իրողության հետ։
Ինչ խոսք՝ իշխանությունը պատկանում է քաղաքացուն, սակայն այս պնդումն իրականություն դարձնելու համար, քաղաքացին պետք է կարողնա այդ իշխանության մասին հոգ տանել, ինչը փող է պահանջում, ի դեպ՝ շատ քիչ փող, քանի որ եթե դրամահավաքներին սկսում են մասնակցել տասնյակ հազարավոր քաղաքացիներ փոքր դրամագլուխներով, արդյունքները շատ ավելի մեծ կարող են լինել։ Սա, ըստ էության, ակնհայտ բանաձև է։ Միաժամանակ քաղաքացին, անգամ խորհրդանշական մեկ դրամով ֆինանսավորելով քաղաքական ուժին, վերջինիս լիազորում է իրականացնել իրեն պատկանող իշխանությունը և միևնույն պահին երաշխավորում է այդ ուժի ինքնուրույնությունը։
Իհարկե՝ դրամահավաք կազմակերպող ուժերը բավական լուրջ խնդիր ունեն լուծելու նշված գիտակցությունը ձևավորելու հարցում, թե ինչքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը։
Աղասի Մարգարյան, վերլուծաբան