Վերածնո՞ւնդ, թե՞ քաղաքական մուտանտի վերարտադրություն
АналитикаՎերջին հազարամյակի պետականազրկության ու վերջին 25 տարվա անկախության ֆոնին հայաստանյան քաղաքական երկնակամարում վերջապես ծագեց համայն հայության իղձերի իրականացման աստղը՝ երբեմնի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով: Կայացավ «Հայկական վերծնունդի» հիմնադիր համագումարը: Սույն քաղաքական ուժի հիմնադրումն իր դարակազմիկ նշանակությամբ թերևս համեմատելի է գրերի գյուտի, քրիստոնեության ընդունման կամ Հայաստանի անկախության ձեռքբերման հետ:
Մոտավորապես այսպիսի ձևակերպումների առաջիկայում կհանդիպենք «Հայկական վերածնունդի» կրողներից: Սակայն ձևակերպումները չեն կարող բովանդակություն հաղորդել մի քաղաքական ուժի, որը ստեղծվել ու մշտապես եղել է վարչակարգի և՜ քաղաքական, և՜ բարոյական առումներով ամենակեղտոտ գործարքների բազմակի օգտագործման գործիքը:
Ինչպեսև սպասելի էր, հայաստանյան մամուլում և սոցցանցերում բավական արհամարհական ու երբեմն էլ հայհոյական արտահայտություններով ընդունվեց այս նոր միավորման ստեղծումը: Ինչ խոսք, նման տրամադրությունները լավագույնս արտահայտում են նախկին ՕԵԿ-ի, երբեմնի ԱԽՔ-ի և վերջիններիս հոգեզավակ նոր կուսակցության հանդեպ առկա հանրային տրամադրությունները: Սակայն քաղաքական գործընթացներում զգացմունքները, իսկ հայաստանյան քաղաքական միջավայրում հասարակության կարծիքը ամենևին էլ առաջին տեղում չեն: Այս տեսանկյունից եթե մենք սառը դատողությամբ փորձենք գնահատել ՕԵԿ-ի «վերարտադրությունը» նոր կուսակցության տեսքով, ապա կհայտնվենք քաղաքական կեղտոտ խարդավանքների կծիկի առջև:
Առաջին հայացքից թվում է, թե այս նոր կուսակցությունն, իր վրա կրելով ՕԵԿ-ի և ԱԽՔ-ի խարանը, որևէ լուրջ շանս չունի քաղաքական գործընթացներում՝ մասնավորապես 2017-ի ընտրություններում դերակատարություն ունենալու: Սակայն նույն հաջողությամբ, անցած խորհրդարանական ընտրություններում, երբ թվում էր, թե ՕԵԿ-ն ուղղակի չի կարող հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, հայտնվեց: Հասկանալի է, որ նվազագույն շեմը ՕԵԿ-ը «հաղթահարեց» վարաչակարգի, միգուցե, նաև ուղղակիորեն Սերժ Սարգսյանի անձնական միջամտությամբ: Ընդ որում` Սերժ Սարգսյանի անձնական միջամտությունը տրամաբանական էր, քանի որ շատերը կհիշեն, որ դեռևս 1998-ին, երբ ստեղծվեց ՕԵԿ-ը, բազմաթիվ լուրեր էին պտտվում, որ Սերժ Սարգսյանն, ի դեմս ՕԵԿ-ի, իր անձնական կուսակցությունն է «բացել»: Ժամանակը հաստատեց այս բոլոր լուրերը, քանի որ մենք բազմիցս ականատես եղանք, որ ՕԵԿ-ը մշտապես մնաց Սերժ Սարգսյանի պահուստային գործիքը:
Այս հետհայացքը մեզ ընդամենը մի բան է հուշում` ներկայումս մենք «Հայկական վերածնունդ» թյուրիմացության պարագայում գործ ունենք 2017-ի ընտրություններին ընդառաջ հյուսվող քաղաքական խարդավանքի հետ, որը հերթական անգամ ապակողմնորոշող ու հանրային տրամադրությունները մանիպուլյացիայի ենթարկող դերակատարություն է ունենալու ինչպես նախկինում: Այս տեսանկյունից հասյատանյան հասարակությունն ու ընդդիմադիր քաղաքական շրջանակները լրջորեն պետք է զգուշանան այս քաղաքական մուտանտից՝ անկախ նրանից, որ վերջինիս անդամակցող այսպես կոչված հասարակական ու քաղաքական միավորները մեկը մյուսից ավելի զավեշտալի անվանումներ ունեն: Հասկանալի է, որ վերջիններիս խաղացած դերը բոլորովին էլ ծիծաղելի չի լինելու, այլ` լրիվ հակառակը:
Աղասի Մարգարյան