Հայ ժողովրդի հայացքը մշտապես դրսում է. Հայկ Սուքիասյան
ПолитикаՕրերս Չիլիի խորհրդարանի Ստորին պալատը պատմական բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացրած Ադրբեջանի ագրեսիան: Այս փաստաթղթով Չիլին դարձավ առաջին երկիրը, որը ներկայացուցչական մակարդակով նման որոշում կայացրեց և ընդգծեց իրական ագրեսոր Ադրբեջանի անունը:
Նշենք նաև, որ Չիլիի պատգամավորների կողմից ներկայացված չորսկետանոց բանաձևը Ստորին պալատի անդամներն ընդունել են միաձայն: Չիլիի խորհրդարանի ընդունած այս բանաձևի ընդունումը ողջունել է նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և մայիսի 23-ին շնորհակալական նամակներ ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձևի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին և Խորխե Սաբագին:
Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը խիզախ քայլ է համարել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը: Նա նշել է, որ Չիլին միջազգային հանրությանն ապացուցեց, որ իրերը կարելի է իրենց անուններով կոչել, որը միակ ճիշտ ճանապարհն է:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով, սակայն, Չիլիի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը զուտ բարոյական արժեք ունեցող փաստաթուղթ է:
«Իհարկե, շատ կարևոր է, որ Չիլիի խորհրդարանը նման բանաձև է ընդունել, սակայն միջազգային իրավունքի և Արցախի խնդիրը լուծելու տեսանկյունից այն որևէ նշանակություն չունի:
Այդ բանաձևը մոտավորապես նույն հարթության վրա է, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայի կամ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումները, որը իրավական առումով որևէ նպաստ չի բերում: Այս երկու հարցերի լուծման առումով ամենամեծ նպաստը կլինի ԼՂՀ-ի ճանաչումը և ինչո՞ւ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի անկախությունը»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Հ.Սուքիասյանը:
Քաղաքագետը նշեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների կողմից հասցեական գնահատականներ սպասելն իրատեսական չէ, քանի որ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող համանախագահներն իրականում զբաղված են ոչ թե կոնֆլիկտը կարգավորելով, այլ կառավարելով:
«Որևէ մեկը երբեք չի հայտարարում կոնֆլիկտի լուծման մասին: Բոլորն ասում են կոնֆլիկտի կարգավորում, որը կոնֆլիկտաբանության տերմինաբանության համաձայն նշանակում է կոնֆլիկտի կառավարում:
Այսինքն, նրանց պետք չէ կոնֆլիկտի լուծում, այլ պետք է կոնֆլիկտի կառավարում և այդ է պատճառը, որ ագրեսորին ագրեսոր չեն կոչում և ագրեսորի անունը երբեք չեն տալիս: Հակառակ դեպքում Չիլիի նման իրենք էլ կհնչեցնեն ագրեսորի անունը»,- ասում է քաղաքագետը:
Հ.Սուքիասյանի կարծիքով՝ Չիլիի փաստաթուղթը միջազգային հարթակում չի կարող գործոն դառնալ, քանի որ իրական գործոնը միջազգային բոլոր հարթակներում եղել և մնում է երկրի բանակը:
Երբ բանակը Ադրբեջանին լավ «դասեր» տա և նրան ծնկի բերի, այդ ժամանակ հենց դա էլ միջազգային հարթակում կդառնա իրական հաղթաթուղթը: «Հայ ժողովրդի հայացքը մշտապես դրսում է, բայց ասելով չի, այս կամ այն փաստաթղթով չի: Բանակն իր գործը կանի, այդ ժամանակ էլ փաստաթղթեր կմշակվեն»,- ասում է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ հայկական կողմը հրադադարի ռեժիմը պահպանելուն կողմ արտահայտվելով իրեն վնասեց, քանի որ պետք էր ոչ թե գնալ բանակցությունների, այլ ռազմաճակատում առաջընթաց գրանցել: Այդ դեպքում հայկական դիրքերում օրը մեջ զինվոր չէր զոհվի, այլ կամրապնդվեին ԼՂՀ սահմանները:
Քաղաքագետի կարծիքով՝ ԼՂՀ բանակը նման հնարավորություն ունի և կարող է ոչ միայն ադրբեջանցիներին լռեցնել, այլև ազատագրել հակական այն հողերը, որոնք առայժմ գտնվում են Ադրբեջանի ենթակայության տակ:
Արմինե Գրիգորյան