Հայաստանն ամրացնում է հարավային «դարպասը»
ПолитикаԳաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումը կանգնած է որոշակի բարդությունների առաջ՝ թե ներքին, թե արտաքին պատճառներով: Եվ այս պարագայում կառավարությունից, որպես տնտեսության համար պատասխանատու կառավարող մարմնի, հասարակության ու տնտեսական ոլորտի գործիչների ակնկալիքներն էլ ավելի է մեծանում: Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքը որոշակի դրական արդյունքների հանգեցրել է, բայց երբ դա համեմատում ենք այդ կառույցի հետ կապված Հայաստանի տեսլականի հետ, արդեն իրականություն դարձած ծրագրերը դեռևս աճելու տեղ ունեն:
Այս առիթով կառավարության ձեռք բերած կարևորագույն համաձայնություններից մեկը Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումն է: Այս գործընթացում առկա է տնտեսական գործունեության երկու հիմնական բլոկ.
- առաջին՝ առևտրատնտեսական բլոկ, որը պայմաններ է ստեղծելու մուտք գործել Իրանի ու ԵԱՏՄ շուկաներ, իրականացնել արտահանում:
- երկրորդ՝ արդյունաբերական բլոկ, որը ավելի շահավետ պայմաններ է ընձեռելու՝ արտադրություն (ներառյալ վերամշակում) կազմակերպելու համար:
Այս ամենն իհարկե ուղեկցվելու է ենթակառուցվածքների զարգացմամբ ու նոր աշխատատեղերի ստեղծմամբ:
Այդուհանդերձ այս օրերին եղել են լրատվամիջոցներ, որոնք փորձել են նվազեցնել Մեղրիի ԱՏԳ-ի դերը՝ այն կապելով ներքաղաքական ընտրական գործընթացների հետ, ինչ-ինչ պոպուլիստական երանգ հաղորդելով այս ամենին, սակայն երբ պատկերացնում ենք տեղի ունեցող իրադարձությունների տնտեսական կողմը, ամեն ինչ ավելի հստակ ու համոզիչ է դառնում:
Նախ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Իրանի վրայից հանվել են մի շարք պատժամիջոցներ, որոնց արդյունքում Իրանի ու արտաքին աշխարհի առևտրաշրջանառությունն անխուսափելիորեն ակտիվանալու է: 2015 թվականին ՀՀ-ից դեպի Իրան արտահանումը կազմել է 81 մլն դոլար, որը դեռ շատ աճելու տեղ ունի:
Մեղրիի ազատ տնտեսական գոտին մի տարածք է լինելու, որտեղ արտադրվող ապրանքատեսակներն ազատվում են շահութահարկերից, եկամտահարկերից, իսկ արտահանման դեպքում նաև մաքսերից: Արտադրողներն ազատվում են նաև գործունեության համար զբաղեցրած տարածքների գույքահարկերից: Սա խոսում է այն մասին, որ իրանական ներդրողներ կարող են գալ Մեղրի, ներդրում կատարել ու արտադրանքն անմիջապես արտահանել Իրան: Այսինքն այս գոտին բավական բարձր հետաքրքրություն կարող է առաջացնել Իրանի, ինչպես նաև մերձավորարևելյան երկրների ներդրողների շրջանում:
Սա դառնում է մի գործիք, որով Հայաստանն անուղղակիորեն օգտագործում է Իրանի շուկայի հնարավորությունները, մեծությունը՝ այդ շուկայով հետաքրքրված ներդրողների ուշադրությունը գրավելով Հայաստանի կողմը: Սա կարծես ֆինանսա-տնտեսական բաց դուռ է դառնում՝ դեպի Իրան:
Մյուս կողմից, Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների ու փոխադարձ հետաքրքրությունների զարգացմամբ՝ իրանցի ներդրողներն ու արտահանողները շահավետ ելքեր են փնտրում ԵԱՏՄ-ի շուկա դուրս գալու համար: Այս առումով ևս Մեղրիի ԱՏԳ-ն հուսալի կամուրջ կարող է դառնալ: Իհարկե դեռ վերջնական տեսքը պարզ չէ, բայց ենթադրվում է, որ այն կարողանալու է Իրանի ԵԱՏՄ տրանզիտային գործունեություն իրականացնողներին ազատել հարկերից՝ Հայաստանով անցնող ուղին դարձնելով ավելի շահավետ:
Հայաստանի պարագայում նոր ներդրումներ գրավելը անչափ կարևոր, օրակարգային խնդիր է դարձել ու Մեղրիի ԱՏԳ-ի կառուցումը կարող է Հայաստանին լուրջ տնտեսական միավորներ բերել՝ ինչպես սեփական տնտեսության աշխուժացման, այնպես էլ արտաքին տնտեսական հարաբերություններում կշռի ավելացման առումով:
Այս բոլոր տնտեսական գործոններին ավելանում է նաև աշխարհաքաղաքականը: Սյունիքը և հատկապես Մեղրին Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններ են, ու այս վայրերի տնտեսական ամրությունն ու կապը այլ, ավելի ազդեցիկ խաղացողների հետ նպաստում են Հայաստանի դիրքերի ամրությանը ինչպես ԼՂ խնդրի համատեքստում, այնպես էլ հայ-իրանական շատ կարևոր բարեկամության գործում: