Արցախը ամբողջովին հայտնվելով Ռուսաստանի ձեռքերի մեջ կարող է դառնալ այլ առուծախի առարկա. Զոհրաբ Գևորգյան
ПолитикаՊատմաբան Զոհրաբ Գևորգյանը անդրադառնալով Արցախի խորհրդարանի՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին խորհդարանական նախաձեռնությանը կարծում է, որ այն ամենևին էլ ռուսերեն լեզվի արժևորման կամ ռուսաֆոբիայի մասին չէ, այլ՝ թե ուր են տանելու վերջին զարգացումները:
«Ակնհայտ է, որ այս քայլի չերևացող կողմն այն է, որ ամբողջովին քաղաքական, աշխարհաքաղաքական ընտրության հարցն է և արդյո՞ք այդ թելերը չեն գա Հայաստան: Ես պատահական չեմ համարում, որ այս որոշումը հենց հիմա դարձավ ակտուալ, քանի որ եթե հետ նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ 1978 թվականին Խորհդային Միության սառը պատերազմի ամենաթեժ տարիներին ռուսերենը որպես հիմնական լեզու դարձնելու գործընթաց սկսվեց, որի դեմ բուռն ընդվզում սկսվեց Վրաստանում: Հայաստանում ևս կային ընդվզումներ, բայց դրանք ավելի մեղմ էին, բայց արդյունքում այդ որոշումը չեղարկվեց: Բայց այստեղ հարցն այն է, թե առհասարակ ինչու է փորձ արվում այն օրենքի ձևով ընդունել, քանի որ եթե խոսքը անգլերենի մասին լիներ, ապա կրկին նույն հարցը ծագելու էր»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Զ. Գևորգյանը:
Պատմաբանի կարծիքով նման հանձնվողական քաղաքական ուղեգիծ ընտրելուց առաջ պետք է հասկանալ, որ հարկավոր չէ կարճատես լինել և բոլոր քայլերը պետք է իրականացնել ամեն ինչ խորը վերլուծության ենթարկելուց և ծանր ու թեթև անելուց առաջ:
«Նման որոշում կայացնողները պետք է հաշվի առնեն նաև, որ այն ինչի վրա իրենք այսօր հենվում են, վաղը անկում է ապրելու: Եվ այս տեսանկյունից հարց է, թե հետագայում ինչ տեղի կունենա, երբ Արցախը դառնա Ռուսաստանի սեփականությունը, այն դեպքում, երբ այնտեղ ադրբեջանական կապիտալը մի քանի անգամ գերազանցում է հայկականը: Եվ, Արցախը ամբողջովին հայտնվելով Ռուսաստանի ձեռքերի մեջ կարող է դառնալ այլ առուծախի առարկա»,- ասաց Զ. Գևորգյանը:
Արմինե Գրիգորյան