Զոմբիների հերթական ալիքը
ПолитикаԻռլանդական «Քրանբերիզ» ռոք խմբի ամենահայտնի երգերից մեկը վերնագրված է «Զոմբիներ»: Այս խմբի կամ երգի մասին պարտադիր չէ, որ բոլորը տեղյակ լինեն, սակայն գրեթե բոլորս հիշում ենք 2007-2008 թվականները, երբ Հայաստանում հայտնվել էին հարյուր հազարավոր զոմբիներ: Իսկ ով չի հիշում` հուշենք, այդ զոմբիներն արդեն նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգյանի ու հանրապետական կուսակցության ընդդիմադիրներն էին` իսկ վերջիններիս զոմբիացնողը նույնպես ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հասկանալի է, որ ՀՀ քաղաքացիները բոլորովին էլ չէին կրում պետական քարոզչական մեքենայի և այդ մեքենայի մամլիչի տակ գտնվող լրատվամիջոցների, անհատների ու խմբերի հնչեցրած աշխտորոշման հատկանիշերը:
2008-ից հետո անցավ տասը տարի մինչև կայացավ հեղափոխությունը կամ ազատումը սարգսյանական ու հանրապետական վարչակարգից, բայց արի ու տես, որ այս ազատումը բերեց իսկական զոմբիացման միտումներ : Հեղափոխությունը (կամ իշխանափոխությու՞նը գուցե) պետք է պահպանել ու պաշտպանել, որովհետև հեղափոխություններին սովորաբար հաջորդում են հակահեղափոխությունները կամ, ինչպես ոմանք սիրում են ասել, ռեակցիան: Սակայն արդյո՞ք այդ հեղափոխությունը չի հայտնվում լրջագույն վտանգի առաջ, երբ նրան պաշտպանողներն արդեն սկսում են ոտնձգություններ կատարել հեղափոխության հիմնարար արժեքների դեմ, այնպիսի արժեքների, ինչպիսին խոսքի ազատությունն է:
Արդյո՞ք ֆեյսբուքում, մեդիահարթակում, ապա և ռեալ իրականության մեջ այս կամ այն լրատվամիջոցի «հարցերը լուծելու» կոչերը հենց առաջնային հակահեղափոխությունը չեն: Այստեղ, ի դեպ, բոլորովին էլ էական չէ, թե որ, կամ ինչպիսի որակի լրատվամիջոցի մասին է խոսքը, ավելին` խնդիրը բացարձակ լրատվամիջոցի մեջ չէ, այլ խոսքի ազատության:
Այո, կարող են լինել լավ կամ վատ, դեղին կամ ոչ այնքան ու էլի հազար ու մի տեսակի հոդվածներ, նյութեր, տեքստեր, բայց վերցնել և միայն դրանց անհաճո լինելու պատճառով սկսել արշավ, դա արդեն զոմբիացում է, իսկական զոմբիացում` ոչ 2008 թվականի իմաստով և ոչ էլ հանրահայտ երգի:
Աղասի Մարգարյան