Քնարիկ Զաքարյանը՝ մտերիմ ընկերուհու դավաճանության եւ երջանիկ լինելու բանաձեւը գտնելու մասին
LifestyleԴերասանուհի Քնարիկ Զաքարյանի առավոտը սկսվում է մեկ բաժակ ջրով, այնուհետեւ իր համար պատրաստում է բլիթներ կամ չգիրացնող ֆրեշներ: Խոստովանում է՝ հրաժարվել է անչափ սիրելի տապակած կարտոֆիլից, եւ որ չափազանց քաղցրակեր է: Քնարիկը նշում է՝ չի կարող ապրել առանց իր ընտանիքի եւ աշխատանքի: Շատ է սիրում զբաղվել ֆիթնեսով, գրքեր կարդալ ու ֆիլմեր դիտել: Վերջին ամիսներին տնային մեկուսացման պատճառով ընկճախտ է ունեցել, սակայն, չկորցնելով իրեն, հավաքել է ուժերն ու նոր հետաքրքրություն գտել ինստագրամյան հարթակում. ուղիղ եթերները, ինչպես նշում է, իրեն թթվածին են տալիս:
Մեծ հիասթափության, ամենասիրելի զբաղմունքների, երջանկության բանաձեւը գտնելու եւ այլնի մասին Քնարիկը զրուցել է BRAVO.am-ի հետ:
Մայրիկի օրինակով
Սիրում եմ շպարվել եւ խնամել դեմքս: Առօրյայում նախընտրում եմ թեթեւ դիմահարդարում: Հայելու առաջ երկար ժամանակ եմ անցկացնում, երբ ներկայացման եմ պատրաստվում: Շատ սիրելի եւ երջանկացնող գործընթաց է ինձ համար, երբ դիմահարդարվում եմ եւ մտքերս ի մի բերում, կերպարիս մասին խորհում. շատ եմ կարոտել այդ պահը: Բավական ժամանակ եմ անցկացնում հայելու դիմաց նաեւ, երբ պետք է դուրս գամ տնից: Կարծում եմ՝ աղջիկներն իրենց մայրիկների օրինակին են հետեւում. իմ մայրը միշտ խնամված է եղել ու շատ գեղեցիկ: Այսօր արդեն իմ փոքր աղջիկն է հագուստներ փոխում, ոճային տարբերակներ առաջարկում:
Չի ների
Երբեք չեմ ների դավաճանությունը: Նման մի դեպք եղել է կյանքումս` մտերիմ ընկերուհու դավաճանություն: Բաց եմ թողնում նման մարդկանց: Ովքեր մի անգամ հարվածում են մեջքից, էլ երբեք իմ կյանք ներս չեմ թողնում: Առաջ թողնում էի, բայց հիմա հասկացել եմ, որ պետք չէ: Շնորհակալ եմ Աստծուն, որ նման մարդկանցից ազատում է իմ ճանապարհը:
Չի զղջում
Կյանքում լինում են պահեր, երբ զղջում ես արածդ որոշ քայլերի համար եւ մտածում` ամեն բան այլ կլիներ, եթե այդպես չանեիր, սակայն ժամանակը քեզ ապացուցում է, որ պետք է Աստծուն փառք տալ այդ ժամանակահատվածում նման որոշում կայացնելու համար:
Նպատակները
Առաջ ավելի նպատակասլաց էի, քան հիմա, բայց, այո՛, համարում եմ ինձ նպատակասլաց: Մտերիմներիս կամ ընկերներիս համար ամբողջ ուժերս կներդնեմ, որ օգնեմ, բայց ինձ համար երբեք ոչ ոքի չեմ դիմի: Ժամանակին ավելի հանգիստ ու հանդարտ էի, հիմա հասկացել եմ, որ պետք է նպատակներ սահմանես, դրանք գրի առնես ու սկսես հերթով, կետ առ կետ իրագործել:
Մասնագիտական
Թատրոնն ինձ համար առավել է, բայց կխաբեմ, եթե ասեմ՝ չեմ սիրում նկարահանումները. անչափ եմ սիրում: Ինձ համար աշխատանք չեն, այլ՝ գերագույն հաճույք: Կասեմ նաեւ, որ շատ բարդ ու լուրջ մասնագիտություն է, եւ սխալվում են այն մարդիկ, որոնք մտածում են՝ կարող է հեշտ տրվել:


